Հայաստանի ՔԿՀ-ների հիմնական խնդիրներից է գերծանրաբեռնվածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Դա իր հերթին մի շարք այլ խնդիրներ է հարուցում: Երկրորդ խնդիրը բանտարկյալների հանդեպ վերաբերմունքն է», - նշել է իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ մոտեցումներն ավելի շուտ պատժիչ են, քան ուղղիչ, եւ իրավաբանական սոցիալ-հոգեբանական ծառայությունն ավելի շատ ձեւական, քան գործնական բնույթ է կրում: Ինչպես նշել է փորձագետը, պատժիչ վերաբերմունքի ապացույցն է այն, որ բանտային համակարգի ղեկավարությունում, որպես կանոն, աշխատում են ոստիկանության նախկին պաշտոնյաները. «Կադրային քաղաքականության հիմքում ընկած չէ այդ ծառայությունն իբրեւ քաղաքացիական կառույց ընկալելը: Չէ որ համազգեստը փոխելով հոգեբանությունը չի փոխվում: Իսկ ոստիկանի համար, որն ամբողջ կյանքում պայքարել է հանցավորության դեմ, հանցագործը մնում է հանցագործ, նրա նկատմամբ վերաբերմունքն էլ՝ համարժեք»:
Երրորդ լուրջ խնդիրն ըստ Արթուր Սաքունցի, այն է, որ բանտային համակարգում աշխատելու համար կադրերի պատրաստման կենտրոն չկա: Այստեղ ամենակարեւորը երկրի նախագահի կողմից անմիջականորեն Քրեակատարողական վարչության ղեկավարի նշանակման փաստն է: «Ըստ էության, լինելով արդարադատության նախարարության կազմում, ՔԿՎ-ն կրկնակի ենթակայության տակ է կամ էլ հայտնվում է նախագահի անմիջական ենթակայության տակ», - նշել է իրավապաշտպանը: Ըստ նրա` ոչ պակաս կարեւոր խնդիր է ֆինանսավորման ծավալի փոփոխությունները: «ՔԿՎ-ի ծանրաբեռնվածության փոփոխությունը չի հանգեցնում ֆինանսավորման ծավալի փոփոխության: Այսինքն ՔԿՀ-ում պահվողների քանակը չի փոխում նրանց համար հատկացված միջոցների ծավալը»:
Սաքունցը նաեւ ընդգծել է դատական անկախ համակարգի բացակայությունը: «Որպես պատժամիջոց ընտրվում է ձերբակալությունը: Նման մոտեցումը եւս պատժիչ վերաբերմունք է, որը նույնպես անդրադառնում է բանտային համակարգի վրա», - նշել է նա՝ հավելելով, որ այլընտրանքային պատժի համակարգը կիրառվում է ոչ այնքան արդյունավետ: Ըստ էության` անկախ դատական համակարգի բացակայությունը դատական համակարգի արդյունավետությանը լուրջ մարտահրավեր է: «Պատժի կատարման նկատմամբ դատական իշխանության վերահսկողությունը հավասար է զրոյի», - ընդգծել է իրավապաշտպանը, նշելով, որ պատժի կատարման օրինականության վերահսկումն իրականացնում է դատախազը, ինչը նույնպես վկայում է պատժիչ վերաբերմունքի մասին:





























