Հարավային Կովկասն այդքան էլ մեծ դեր չի խաղա ԱՄՆ արտաքին քաղաքականությունում: Այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տեսակետ հայտնեց Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակալի իրադարձություն են մեր տարածաշրջանի համար: Այստեղ պետք է հաշվի առնել երկու հանգամանք. նախ այնքան էլ ճիշտ չէ տեսակետը, որ Օբամայի վերընտրությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոփոխություններ չի կրի: Մերձավոր Արեւելքի ողջ տարածաշրջանը գտնվում է շատ արագ փոփոխությունների փուլում՝ անկանխատեսելի հետեւանքներով: Հետեւաբար, չի կարելի միանշանակ պնդել, որ փոփոխություններ չեն լինի: Երկրորդ. հայտնի է, որ ընտրություններից հետո պետքարտուղարը փոխվելու է եւ նոր պետքարտուղարից կախված են լինելու արտաքին քաղաքականության առաջնարհերթությունները
«Հաշվի առնելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին երկու պաշտոնական այցերը, այս տարածաշրջանին մեծ դեր է հատկացվում, սակայն պետք է նկատի ունենալ, որ Հարավային Կովկասն այնքան կարեւոր դեր չի խաղա, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններում կլինեն Իրանն ու Սիրիան: Այդ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները զգալիորեն ազդելու են ամերիկյան քաղաքականության վրա»,-նշեց Սաֆրաստյանը:
Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող դեպքերին, քաղաքագետը նշեց, որ Սիրիայում ճգնաժամի վերջին փուլը զգալիորեն տարբերվում է նախորդներից: Ակնհայտ է, որ ԱՄՆ պլանները Սիրիայում չեն իրագործվել, Սիրիայի իշխանություններն ապացուցեցին, որ իրենք ոչ միայն ուժեղ ազդեցություն ունեն, այլեւ վայելում են ժողովրդի աջակցությունը: Իսկ Արեւմուտքը կորցնում է իր ազդեցությունն ապստամբների վրա: Միաժամանակ հասկանալի է, որ Թուրքիայի ռազմական միջամտությամբ հնարավոր չէ հասնել Ասադի իշխանության տապալմանը, սակայն դա բոլորովին չի նշանակում, որ Անկարան հրաժարվել է իր մտադրություններից:
Այստեղ կարեւոր նշանակություն ունի քրդական հարցը. Եթե մինչ այդ քրդական հանրապետություն կար Իրաքում, ապա հիմա նոր քրդական ինքնավարություն է ի հայտ գալիս Սիրիայում, որտեղ շատ ակտիվ է Քրդական բանվորական կուսակցությունը: Թեեւ սիրիական հակամարտության սկզբում քրդերը հայտարարել էին, որ չեն օգնելու կողմերից որեւէ մեկին, սակայն Բաշար Ասադին հաջողվել է քրդերին իր կողմը քաշել՝ նրանց ինքնավարություն խոստանալով:





























