Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenien-ը, Ելիսեյան պալատում կայացած մամուլի ասուլիսում նախագահները բարձ են գնահատել երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:
Նրանք նշել են տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը: Նախագահ Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիան Հայաստանում մեծությամբ երկրորդ ներդրողն է, հայկական շուկայում գործում են հարյուրավոր ֆրանսիական ընկերություններ:
Սակայն, նրա խոսքով, տնտեսական կապերն ընդլայնելու տեղ կա, հատկապես տրանսպորտի եւ գյուղատնտեսության ոլորտում, հաղորդում է challenges.fr-ը:
Ֆրանսիայի նախագահն ընդունել է 2013 թվականին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի հարցին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Օլանդին՝ ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշման համար, որը շատ կարեւոր է հայ ժողովրդի համար:
Մամուլի ասուլիսին հետեւել է ճաշը, որին ներկա են եղել աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի ղեկավարներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը:
Ճաշից հետո, Օլանդը հաստատել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը կընդունվի Ֆրանսիայում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է իրավական հիմք ապահովել օրինագծի ընդունման համար, որպեսզի հնարավոր լինի խուսափել Սահմանադրական խորհրդի գրաքննությունից:

































