Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր՝ նոյեմբերի 12-ին, Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հանդես է եկել հայտարարությամբ:
Ֆրանսիայի նախագահի հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր ընդունեցի նախագահ Սերժ Սարգսյանին, ով եւս մեկ անգամ Ֆրանսիայում է գտնվում, եւ որի հետ ես խոսեցի այն ամուր կապերի մասին, որ հաստատվել են ինչպես մեր երկու երկրների, այնպես էլ երկու ժողովուրդների միջեւ։ Մեր երկու ժողովուրդների առումով այդ կապերը գոյություն ունեն դարեր ի վեր եւ ունեն երկար պատմություն. պատմություն, որ նաեւ ողբերգական պահեր է ունեցել։ Մեր երկրների միջեւ, հատկապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, այսինքն 20 տարի հետեւողականորեն ջանքեր ենք գործադրել, որպեսզի մեր հարաբերությունները լինեն ոչ միայն ջերմ ու փոխադարձաբար համակրանքով լի, այլեւ գործնական ու կոնկրետ։ Ուրախությամբ կարող եմ ասել, որ բազմակողմանի համագործակցություն է ծավալվում մշակութային, լեզվական ոլորտում, առավել զարգացման ներուժ են պարունակում մեր տնտեսական փոխհարաբերությունները: Անշուշտ, Հայաստանում Ֆրանսիան ներդրումների ծավալով երկրորդ երկիրն է, ավելի քան 100 ձեռնարկություն է գործում Հայաստանում, բայց կարելի է ավելի շատ զարգացնել այս տնտեսական հարաբերությունները, եւ, ինչպես ես նշեցի նախագահի հետ իմ զրույցում, Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցով այս փոխհարաբերությունները պետք է զարգանան գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում:
Իհարկե, հանդիպման ժամանակ հիմնականում խոսեցինք ամենակարեւոր հարցի մասին, որը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է: Ելնելով նաեւ իմ պատասխանատվության շրջանակներից, քանի որ Ֆրանսիան համանախագահն է Մինսկի խմբի, ես վերահաստատեցի, որ մենք պիտի ամեն ինչ անենք, եւ որ Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի բանակցությունները հասնեն իրենց վերջնական հանգրվանին։ Դրանք ինչ-որ պահի դադարել էին, պիտի վերսկսվեն եւ ընթանան մինչեւ վերջ, ընդ որում՝ մեզ հայտնի սկզբունքների հիման վրա՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որպեսզի այս հիմնահարցը գտնի տեւական, ես կասեի՝ վերջնական լուծում: Սա նաեւ իմ պատասխանատվության շրջանակի հարց է, քանի որ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է:
Մենք խոսեցինք նաեւ միջազգային այլ խնդիրներից, մասնավորապես Սիրիայի մասին, նկատի ունենալով, որ տարածաշրջանային խնդիրները առնչվում են նաեւ Հայաստանին, նաեւ՝ քանի որ այնտեղ հայկական համայնք գոյություն ունի, եւ անգամ որոշ սիրիահայեր Հայաստան են արդեն եկել: Իհարկե, գիտեմ, թե Հայաստանն իր դիրքից ելնելով՝ ինչքան զգույշ կեցվածք պետք է ցուցաբերի, բայց նաեւ պետք է ջանանք քաղաքական անցման խնդիրը միասին լուծել:
Անդրադարձ եղավ նաեւ Իրանին, եւ գիտեմ, որ Հայաստանի նախագահն ամեն ինչ անում է որոշակի ուղերձների առումով։
Եվ վերջապես, ես նշեցի, թե որքան կապված են ֆրանսահայերը Հայաստանին, առավել եւս, որ մեր երկրում ապրող շուրջ 500.000 հայերը պատմության բերումով են եկել այստեղ՝ բերելով իրենց հետ իրենց ողջ տաղանդը, եւ դա մեծ հարստություն է մեր երկրի համար:
Եվ նաեւ ես հաճույքով ընդունեցի Հայաստանի նախագահի հրավերը հաջորդ տարի այցելել Հայաստան»:





























