ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մտադիր է սենատոր Ջոն Քերիին (Դեմոկրատական կուսակցություն) առաջարկել պաշտպանության նախարարի պաշտոնը, հայտնել է Սպիտակ տան աղբյուրը:

74-ամյա Լեոն Պանետան որոշել է լքել պաշտոնը: Մինչ այդ ենթադրվում էր, թե Սենատի միջազգային հանձնաժողովի ղեկավար Քերին կզբաղեցնի ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, սակայն, The Washington Post-ի աղբյուրի տեղեկացմամբ, այն կզբաղեցնի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Սյուզան Ռայսը:

Ինչպես հայտնում է «Ռոսբալտը», Քերին 2004թ. նախագահական ընտրություններում Ջորջ Բուշ կրտսերի մրցակիցն էր: 

Բացի այդ, Օբամայի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բրենանը կդառնա ԿՀՎ-ի նոր ղեկավար: ԿՀՎ-ի ղեկավարի ներկայիս ժ/պ Մայքլ Մորելը կդառնա նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական: Նախորդ շաբաթ ԿՀՎ-ի ղեկավար Դեւիդ Պետրեուսը հրաժարական էր տվել արտամուսնական կապի պատճառով:

Նշենք, Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջոն Քերին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ եւ պաշտպանում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: