«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409,31 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,17%-ով կամ 0,71 կետով: Ընդ որում՝ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն առաջարկվել է ավելի էժան:
Բորսայում այսօր վաճառվել է 3,37 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի էժանացումն ավելի զգալի է: Գործնականում չկան փոխանակման կետեր, որոնք դոլարն ընդունում են 409 դրամով՝ առքի հիմնական փոխարժեքը 408 դրամն է: Դոլարի վաճառքի փոխարժեքն իջել է մինչեւ 410 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Գերմանիայում գործարար վստահության ինդեքսը անսպասելիորեն նվազել է: Եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ իջել է մինչեւ 1,2662 դոլար՝ հասնելով վերջին 2 ամսվա իր նվազագույն մակարդակին: Սակայն կեսօրից հետո եվրոյին հաջողվել է փոքր-ինչ բարելավել դիրքերը՝ կրկին գերազանցելով 1,27 դոլարի սահմանը:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,7164 ռուբլի:





























