ՀՀԿ-ն «2013թ. բյուջեի մասին» օրենքի վերաբերյալ չի կարող պոպուլիստական ելույթներ հնչեցնել, ինչպես դա անում են մնացածները, ինչը կապված է նախագահական ընտրությունների հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում ելույթների ժամվա ընթացքում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նրա խոսքով՝ նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ ամբոխի ականջ շոյող հայտարարություններ կհնչեն, սակայն խնդիրը հնչեցրած գաղափարների իրագործման միջոցներն են. «Միասնական ճակատ ստեղծելու ընդդիմության փորձերը ծիծաղաշարժ են: Ակամայից հիշում ես խորհրդարանական ընտրությունները վերահսկող միասնական շտաբը: Դեռ չեն սկսել այդ ուժերի միջեւ միջկուսակցական խորհրդակցությունները, բայց կուսակցություններում արդեն տարաձայնություններ կան:
Նախագահի թեկնածուների առաջադրմանը մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, սակայն խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումն այդպես էլ անհայտ է: Իրականում իրենք էլ չգիտեն՝ ում նկատի ունեն, բայց նպատակին հասնելու համար քաղաքական որոշ գործիչներ հայտարարել են անգամ սատանայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Արդյունավետ, ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը ոչինչ չի խոչընդոտում, խնդիրը որոշ ուժերի գործողություններն են, որոնք վարկաբեկում են դեռ չսկսված ընտրությունները: Այդ ուժերին խորհուրդ կտամ չաղավաղել գործընթացները եւ ուժ գտնել ուղիղ նայելու իրականության աչքերին, այլ ոչ թե հայելային անդրադարձմամբ»:





























