Երեւանի քաղաքապետարանը մտադիր է քաղաքի կանգառներում տրանսպորտի երթուղիների նկարագրությամբ ուղեցույցներ տեղադրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը, հիշեցնելով, որ քաղաքապետարանն արդեն բազմիցս տեղեկություններ է տեղադրել քաղաքային տրանսպորտի համարների եւ երթուղիների մասին: Այդ մասին կարելի է տեղեկանալ քաղաքապետարանի կայքում:
Քաղաքապետարանի կողմից Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի բարեփոխման փորձերը, սակայն, հակառակ արդյունքն են տվել: Երթուղային տաքսիների մի մասը դուրս է բերվել, սպասվում է, որ հայտարարված մրցույթից հետո 2500 երթուղային տաքսիներից Երեւանի փողոցներում կմնան 1000-ը: Մնացածին կփոխարինեն ավտոբուսները:
Արթուր գեւորգյանի խոսքով, ներկայումս Չինաստանի կողմից Երեւանին նվիրած 249 ավտոբուսներից գործում է 130-ը: Քաղաքապետարանը խնդիրներ ունի վարորդներ փնտրելու հարցում:Ավտոբուսային եւ երթուղային տաքսիների երթուղիների մրցույթները նախատեսում են ավարտել նոյեմբերի վերջին:
Մեկնաբանելով քաղաքում տրանսպորտի վիճակի վատթարացման հարցը, քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահեցրեց, որ դա ժամանակավոր բնույթ է կրում, ավելին, քաղաքային իշխանությունները այսուհետ իրավունք ունեն առաջին խախտման համար տուգանել 30 հազար դրամ, 2-րդ եւ 3-րդ խախտման համար՝ 50 հազարական դրամ, հետագայում նաեւ զրկել լիցենզիայից:





























