Վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը վստահեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն առողջական ոչ մի լուրջ խնդիր չունի:

Մեդվեդեւի`Ֆինլանդիա կատարելիք այցի նախօրեին ֆինն լրագրողներից մեկը խնդրել է մեկնաբանել նախագահի առողջության հետ կապված լուրերը: «Ախր ես բժիշկ չեմ», — արձագանքել է վարչապետը: Սակայն թղթակիցը կրկնել է իր հարցը:

«Լավ մարզավիճակում մնալու համար պետք է մարզվել:  Եվ նախագահ Պուտինը շատ է մարզվում: Իսկ ընդհանրապես, նա ողջ-առողջ է, եւ փառք Աստծո, նրա հետ ամեն ինչ կարգին է», - վստահեցրել է Մեդվեդեւը, հաղորդում է  «Վեդոմոստին»:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչի պատճառով արտասահմանյան այցերի չի մեկնում: 

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել էր այդ լուրերը՝ հայտարարելով, որ Պուտինն իրեն լավ է զգում, իսկ ցավերը մարզական հին վնասվածքի սրվելու հետեւանք են: