ԵՄ շատ երկրներում նոյեմբերի 14-ին աճող գործազրկության եւ տնտեսման կոշտ միջոցների դեմ բողոքի ակցիաներ են ընթանում: Մասնակիցներն իշխանություններին կոչ են անում ուշադրություն դարձնել բնակչության աճող դժգոհությանը:

Իսպանիայում ու Պորտուգալիայում ցույցերն սկսել են տեղական ժամանակով կեսգիշերին: Բողոքում են աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների եւ սոցծառայությունների կրճատումից, հարկերի ավելացումից:

Իտալիայում համազգային 4-ժամյա գործադուլ կանցկացվի, որին կմիանան նաեւ տրանսպորտի ոլորտի աշխատողները: Ֆրանսիայում գխավոր արհմիությունը բյուջետային հատվածի աշխատակիցներին կոչ է արել միանալ բողոքի ակցիաներին, բայց հայտնի չէ՝ քանի մարդ կարձագանքի:

Բողոքներին ընդհանուր առմամբ 23 երկրների 40 խմբեր են մասնակցում: Ակցիան նախաձեռնել է Արհմիությունների եվրոպական կոնֆեդերացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Խոշոր ցույցեր են սպասվում նաեւ Հունաստանում, Բելգիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում: Զանգվածային ցույցերի պատճառով եվրոպական ավիաընկերությունները ստիպված են հետաձգել կամ ուշացնել չվերթները:

Հունաստանում վերջին 2 ամսում արդեն երրորդ խոշոր գործադուլը տեղի կունենա: Երկիրը փորձում է բյուջեի դեֆիցիտը կրճատել՝ միջազգային պահանջներին համապատասխան: