Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը՝  Հայաստանում ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտի ծրագրերի ղեկավար Ահմեդ Իհվեյդայի գլխավորությամբ:

Հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, քննարկվել են ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր, անդրադարձ եղավ ոլորտի զարգացման հեռանկարներին:

Ա. Իհվեյդան տեղեկացրել է, որ հանդիպումներ է ունեցել օպերատոր ընկերությունների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել կատարվող աշխատանքներին` միաժամանակ գոհացուցիչ համարելով արձանագրված արդյունքները: Նա դրական է համարել նաեւ իրականացվող ծրագրերին կառավարության ցուցաբերած աջակցությունը:

Կողմերը կարեւորել են համակարգում բարեփոխումների շարունակումը` արձանագրելով, որ ավելացել է նաեւ ոլորտով հետաքրքրվող դոնոր կազմակերպությունների թիվը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգի կառավարման սցենարների մշակման վերաբերյալ: Փոխվարչապետը ՀԲ գործընկերներին առաջարկել է փորձագիտական մակարդակով սկսել աշխատանքները, որպեսզի գարնանն արդեն որոշակի տեսլական ներկայացվի կառավարությանը:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանին ՀԲ-ի կողմից  տրամադրվող բյուջետային օժանդակության վարկին, մասնավորապես, ջրամատակարարման եւ ջրահեռացման ոլորտում իրականացվող աշխատանքների հետ կապված պայմաններին: