Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն այսօր` նոյեմբերի 14-ին, նշում են Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը: Օրվա խորհուրդն է` բարձրացնել իրազեկվածությունը հիվանդության մասին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից:  Ըստ ԱՀԿ տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: ԱՀԿ 193 անդամ-երկրներից ստացված տվյալների համաձայն` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ վարակիչ հիվանդությունների եւ վերջիններից առաջացած մահացության պատճառների վրա: Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ: Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2011 թվականին Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 4,8%: Իսկ առաջին եւ երկրորդ տիպով շաքարային դիաբետով հիվանդների թիվը ընդհանուր բնակչության շրջանում հասնում է մոտ 58 հազարի (առաջին տիպ 10686, երկրորդ` 47154):

Շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոններից խուսափելու ճանապարհով /նվազ ֆիզկական ակտիվություն, ոչ առողջ սննդակարգ, ծխախոտի օգտագործում եւ ալկոհոլի չարաշահում/ հնարավոր է կանխարգելել հիվադության տարածումը: Պետությունը կարեւորելով այս խնդիրը` յուրաքանչյուր տարի պետական բյուջեով շուրջ 1.4 միլիոն դրամ է հատկացնում դիաբետով հիվանդների դեղապահովմանը: Սակայն դեռեւս որոշակի խնդիրներ կան դիաբետով տառապող հիվանդներին հատկացվող անհրաժեշտ դեղերի մատչելիության առումով: Մասնավորապես` բնակչության սոցիալական խմբերին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման մեխանիզմները բավարար չափով չեն լուծում անապահով խավի եւ սոցիալական արտոնյալ խմբերում ընդգրկված անձանց դեղապահովման խնդիրը, ինչպես նաեւ անհանգստացնում է շրջանառվող դեղերի գների անհիմն աճը: