«Երեք տարի ես խախտել եմ ավանդույթը՝ Ազգային Ժողովի լիագումար նիստում հանդես գալով բյուջետային ելույթով»,- ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն  այսօր՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց մի քանի ընդդիմադիր պատգամավորների դժգոհություններին՝ 2013 թ. բյուջեի ներկայացումը ԱԺ նիստում ֆինանսների նախարարին վստահելու կապակցությամբ:

Ըստ Տ. Սարգսյանի՝ պետական բյուջեի քննարկումները Ազգային Ժողովում սկսել են ոչ թե լիագումար նիստում, այլ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ու այդ ժամանակ հանդես է եկել ծրագրային ելույթով: Քանի որ այդ ելույթը լայնորեն լուսաբանվել է մամուլում, Տ. Սարգսյանը հարկ չի համարել այն կրկնել լիագումար նիստում, ինչպես վարվել է նախորդ երեք տարիներին: Ըստ Տ. Սարգսյանի՝ նախկինում իր ելույթը պատշաճ չէր լուսաբանվում մամուլում, ուստի ստիպված էր այն կրկնել նաեւ լիագումար նիստերի ժամանակ: Վարչապետը խոստացավ վաղը հանդես գալ բյուջետային ամփոփիչ ելույթով: