Քիչ հավանական է, որ առաջիկա նախագահական ընտրություններում նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվեն: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա նաեւ քիչ հավանական համարեց, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հանդես կգան միասնական թեկնածուով, թեեւ չբացառեց այդ տարբերակը: «Ես դա քիչ հավանական եմ համարում, որովհետեւ նայում եմ կուսակցությունների անցած ճանապարհը: Մենք միասին ճանապարհ ենք անցել, միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք՝ ի՞նչ արժեքների շուրջ է տեղի ունենում համախմբումը, ովքեր ե՞ն այդ գաղափարների կրողները: Այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ քիչ հավանական է, քան այն գործելակերպի շարունակումը, որ կար նախկինում: Չբացառելով, իհարկե, որ  կարող են լինել այլ սցենարներ»,- ասաց Տ.Սարգսյանը:

Նրա ներկայացմամբ՝ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը եւ իմիջը շատ բարձր է, ու նա շատ մեծ առավելությամբ կընտրվի նախագահ: «Քաղաքական մեկնաբանները այս հարցի շուրջ ունեն կոնսեսուս, բոլորն էլ կիսում են այդ տեսակետը, որ Ս. Սարգսյանը կհաղթի մեծ առավելությամբ»,- ասաց Տ. Սարգսյանը: