Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 14-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆեռնին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Վլադիմիր Գասպարյանն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի ոստիկանության եւ ԱՄՆ դեսպանության համագործակցության առթիվ, որն արդեն էական արդյունքներ է տվել ոստիկանության կրթական հաստատությունների արդիականացման ու տեխնիկական հագեցման, համայնքային ոստիկանության կազմակերպման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, մի շարք այլ ոլորտներում:
Ոստիկանության պետը, մասնավորապես անդրադարձավ հասարակական կարգի պահպանման նոր ստորաբաժանման արդյունավետ աշխատանքին՝ նշելով, որ մոտ ժամանակներս նույնպիսի սպայական գումարտակներ են կազմավորվելու Գյումրիում ու Վանաձորում, իսկ հետագայում ունենալու ենք մի ամբողջ գունդ:
Ջոն Հեֆեռնին հետաքրքրում էին նաեւ Ճանապարհային ոստիկանությունում ընթացող բարեփոխումները:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ բարեփոխումներին զուգահեռ իրականացվում է մայրաքաղաքում, ապա եւ հանրապետության ճանապարհներին տեսախցիկների տեղադրման գործընթացը, ինչից հետո, որպես հերթական փուլ, Ճանապարհային ոստիկանությունը կվերափոխվի Պարեկային ծառայության:
ԱՄՆ դեսպանն անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության կազմակերպման խնդրին:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ լուրջ փորձառություն է ձեռք բերվել խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Մշակվել եւ արդեն կիրառվում են ուղեցույցներ, որոնք ոստիկաններին օգնել են առավել արդյունավետ իրականացնել իրենց գործառույթները, դիտարկվել են թերություններն ու դրանց վերացման միջոցները, շարունակվում է ընտրացուցակների կատարելագործման աշխատանքը, եւ ոստիկանությունը լիարժեք կկատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:





























