Իսրայելի ռազմաօդային ուժերը սպանել են պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ռազմական թեւի ղեկավար Ահմեդ Ջաբարիին: Ականատեսների վկայությամբ, ավիահարվածը ավտոմեքենային հասցվել է Գազայում, որում այդ պահին եղել է պաղեստինյան հրամանատարը:

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Իսրայելի օդուժը մի քանի հարված է հասցրել Գազայի հատվածում: Ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թեւը («Ալ Կասամի բրիգադ») հայտարարել է, որ «օկուպացիոն ուժերը բացել են դժոխքի դռները» եւ որ պաղեստինցիներն Իսրայելին դիմակայելու ճանապարհից չեն շեղվելու:

Իսրայելի բանակի ներկայացուցիչ Ավիլատ Լեյբովիցը Երուսաղեմում հայտարարել է, որ շտաբի պետ, գեներալ Բենի Հանցը «որոշել է ակտիվացնել նպատակային գործողությունները ահաբեկչական «ՀԱՄԱՍ», «Իսլամական ջիհադ» եւ այլ խմբավորումների դեմ եւ դա դեռ սկիզբ է»:

Իսրայելի հետախուզության ծառայության ղեկավար Շին Բեթը հաստատել է, որ Ջաբարիի սպանությունը նպատակաուղղված գործողություն է, հաղորդում է BBC_ի ռուսական ծառայությունը:

Ահմեդ Ջաբարին երկար տարիներ ղեկավարել է «ՀԱՄԱՍ»-ի գրոհայիններին եւ Իսրայելի կողմից ամենից շատ փնտրվող անձանցից մեկն է եղել: Նրա գլխավորությամբ կազմակերպվել է իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի առեւանգումը, ով գերության մեջ մնաց 5 տարի: