Բոտուլիզմից թունավորումով նոյեմբերի 6-ին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 30-ամյա Ա. Արմենակյանը երեկ` նոյեմբերի 13-ին, մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակամահաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։

Նրա խոսքով` բժիշկները 7 օր պայքարել են նրա կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել կնոջ կյանքը, քանի որ նա ուշ էր դիմել բժշկի:

«Նա թունավորվել էր տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի օգատգործման արդյունքում, բժշկի դիմել էր թունավորման 5-րդ օրը»,- ասաց Մարգարիտա Բաբայանը:

Ի դեպ, սա 2012թ  սննդային թունավորումից 3-րդ մահվան դեպքն է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 16.15-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.15-ի սահմաններում բոտուլիզմի թունավորման նախանշաններով Գյումրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել Գյումրի քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 25 շենքի 16-րդ բնակարանի բնակչուհի, 30-ամյա Ա. Արմենակյանը եւ Հայկավան գյուղի բնակիչ, 49-ամյա Հ. Քալաշյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկները Հ. Քալաշյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Արմենակյանը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: