Արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն արդեն հավաքվել է 45 ստորագրություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ստորագրություններ հավաքելու վերջնաժամկետը լրանում է վաղը` նոյեմբերի 16-ին, ժամը 11:15-ին: Չի բացառվում, որ մինչ վաղը ստորագրությունների թիվն ավելանա:
Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը, բանակցելով չորս խմբակցությունների (ԲՀԿ, ՀՅԴ, «Ազատ դեմոկրատներ») հետ, որոշել է նոյեմբերի 21-ին ժամը 12.00-ին, արտահերթ նիստ հրավիրել: Այդ նպատակով նրանք քարտուղարությունից վերցրել են համապատասխան ձեւաթուղթ եւ այսօր ժամը 11:15-ին մեկնարկել է անհրաժեշտ 44 ստորագրությունների հավաքագրումը, կեսօրին 35 պատգամավոր ստորագրել էր ձեւաթղթի տակ: Արտահերթ նիստ հրավիրելու նպատակը ՀԱԿ-ի կողմից մշակված օրինագիծը ներկայացնելն է, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, Բնակության պետական ռեգիստրում եւ Քրեական օրենսգրքում:
«Նախաձեռնությանը միացել են մեր խմբակցություն բոլոր պատգամավորները` մեկ-երկու բացառությամբ»,- ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Իր հերթին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «Եկել է ժամանակը նախագահական ընտրություններից առաջ այս քայլը կատարելու, առաջարկված փաթեթը դրել ենք շրջանառության մեջ, բայց եթե սպասենք բնական ընթացակարգին,այդ փոփոխությունները հնարավոր չի լինի անել մինչեւ նախագահական ընտրությունները»:




























