Պետք է հիմնավորումներ գտնել միջազգային իրավունքի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար: Այս մասին, նոյեմբերի 15-ին, լրագրողներին հայտնել է Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռուբեն մարտինես Ուելման, ով Ուրուգվայի պատվիրակության կազմում գտնվում է Երեւանում: Պատվիրակությունը գլխավորում է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի ղեկավար Խորխե Օրիկոն:
Ուրուգվայի պատվիրակությունը մի քանի օր անցկացրել է Հայաստանում եւ Ղարաբաղում՝ անցկացնելով մի շարք պաշտոնական հանդիպումներ: «Մենք ժամանել ենք այստեղ, որպեսզի տեղում ավելի լավ ծանոթանանք իրավիճակին: Մենք մեր տեսածը կփոխանցենք Ուրուգվայի արտաքին գործերի նախարարին, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ գործողությունները»,-հայտարարել է Մարտինեսը:
Լեռնային Ղարաբաղից ստացած տպավորությունների մասին հարցին, Մարտինեսը պատասխանեց, որ ուրուգվայցիներն ավանդաբար ջերմ են վերաբերում հայերին: «Ուրուգվայի բնակիչները միշտ ջերմ են արտահայտվում հայերի մասին, աշխարհի որ մասում էլ լինեն: Մնում է լուծումների համար հիմնավորումներ գտնել՝ հենվելով միջազգային օրենսդրության վրա»,-ասել է ուրուգվայցի պատգամավորը:





























