«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանն այսօր` նոյեմբերի 15-ին, հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

«Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են շաբաթներ առաջ Արամ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցին ու ամերիկյան պետական,  քաղաքական եւ հասարակական շրջանակների հետ կայացած հանդիպումներին: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարության, տնտեսության, տարածաշրջանային զարգացումների եւ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Կողմերը, հատկապես կարեւորել են Հայաստանում ընտրական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության խնդիրը: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների նկատմամբ «Հանրապետություն» կուսակցության եւ Արամ Սարգսյանի մոտեցումներին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիս Անդերսոնը, քաղաքական հարցերով մասնագետ Տաթեւիկ Մելիքյանը եւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: