Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ավագ պետական կառավարման մասնագետ Եշիմ Էլհան-Քայալարի գլխավորությամբ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների սպասարկմանն ու պահպանմանն ուղղված երկկողմ համագործակցության հետագա ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

Եշիմ Էլհան-Քայալարը նշել է, որ ԱԶԲ-ն մշակում է Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ տրանշի տեխնիկական աջակցության ուղղությունները: Նրա խոսքով՝ հաշվի առնելով Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախկինում հայտնած այն տեսակետը, որ լավագույն արդյունք կարող է ապահովվել միայն միջազգային և հայ փորձագետների համագործակցությամբ, ծրագրում ընգրկվել են ութ խորհրդատուներ, որոնք ինչպես միջազգային, այնպես էլ՝ հայ մասնագետներ են։

Նախարար Բեգլարյանը ողջունել է հայ մասնագետների՝ ծրագրում ընդգրկելը: «Փորձագետները պետք է կարողանան ճշգրիտ հաշվարկներ կատարել: Նրանց աշխատանքի էությունը հենց դրանում է»,- կարեւորել է նախարարը:

Հանդիպմանը կողմերը վստահություն են հայտնել, որ ծրագրի շրջանակներում համագործակցությունը կշարունակվի: