Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան ցրել է երկրի խորհրդարանի ստորին պալատը։ Առաջիկա ժամերին կհայտարարվի ընտրարշավի մեկնարկի մասին։ Ստորին պալատի վաղաժամկետ ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 16-ին։

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ հասարակական կարծիքի վերջին հարցման տվյալներոն, առաջատարը Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է։ Հաղթանակի դեպքում, երկրի նոր վարչապետ կդառնա կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն։

Ստորին պալատի պատգամավորներն ընտրվել էին 2009 թ. օգոստոսին տեղի ունեցած ընտրություններում, երբ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության 50 տարի իշխանությունը պահելուց հետա առաջին անգամ տանուլ տվեց։ Հաղթանակ տարավ Դեմոկրատական կուսակցությունը։ Դեմոկրատները ստացան ստորին պալատի ձայների կեսից ավելին եւ ձեւավորեցին կառավարություն Յուկիո Հատոյամայի գլխավորությամբ։

Սակայն նրանք ստիպված եղան մասնակի կամ լիովին հրաժարվել իրենց նախընտրական խոստումներից, որի հետեւանքով իրենց իշխանության 3 տարի 3 ամսվա ընթացքում փոխվեց 3 վարչապետ, կուսակցությունում տեղի ունեցավ պառակտում, իսկ իշխանության ժողովրդականությունը ծայրաստիճան ընկավ։