Նախագահական ընտրություններից առաջ ամենակողմնորոշված քաղաքական ուժը ՀՀԿ-ն է եւ նրա օրակարգի առջին հարցը նախագահական ընտրություններն են: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին  հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:

Նրա խոսքով, «շատ լավ կլիներ, որ ընդդիմությունն իր ուժերը վատներ ոչ թե ինչ-որ հարցերի քննարկումների վրա, այլ վերջնականպես կողմնորշվեր թեկնածուի հարցում: Ավելին՝ կարծում է, որ միասնական ընդդիմադիր թեկնածուի հավանականությունը ռեալ չէ, քանի որ  դրա նախադրյալները չի տեսնում:

«Կան պառակտումներ, ընդդիմադիր ուժերը ամբիցիաներ ունեն: Իրենց մեջ հարցեր, խնդիրներ կան, որը չեն կարողանում հաղթահարել: Բայց, իհարկե, մենք ուզում ենք, որ ընդդիմությունը ուժեղ լինի, ուժեղ թեկնածու ունենա, քանի որ մեզ անընդհատ մեղադրում են մենաշնորհների մեջ: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն թող իրենց միավորումը չբացառեն: Թող միավորվեն, այդ թեկնածուն ի հայտ գա մենք էլ պատրաստ ենք մրցել»,- առաջարկեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

Սակայն նա չհամաձայնեց, որ ընտրություններից առաջ հասարակությունը շատ անտարբեր է: «Ես չէի ասի, որ շատ անտարբեր է: Միշտ էլ այդպես է։ Ընտրություններն ավելի շատ քաղաքական ուժերին է հետաքրքրում հատկապես այս ժամանակահատվածում»,- ասաց Կարինե Աճեմյանը: Միասնական թեկնածուի գաղափարը հավանական չի համարում:

Ինչ վերաբերում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկին, ապա ըստ նրա՝ նախագահական ընտրություններից հետո բացառված չէ անդրադառնան այդ առաջարկին: «Եվ մեծամասնականով, եւ համամասնականով ընտրված պատգամավորների մեջ կան եւ դրական, եւ բացասական օրինակներ: Քննարկման հավանակությունը չենք բացառում, բայց, ոչ այսօր, ոչ նախագահական ընտրություններից առաջ: Այդ ուժերի հետեւում հասարկության ինչ-որ շերտ է կանգնած եւ չի բացառվում, որ նախագահական ընտրություններից հետո քննարկումներ անցկացնենք»,- նշեց Կարինե Աճեմյանը եւ ավելացրեց, որ քննարկումները կլինեն, եթե նախագահական ընտրություններից հետո իրենց առաջարկը այդ ուժերը պնդեն: Ըստ նրա՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նախագահական ընտրություններից հետո մոռացել են այդ առաջարկների մասին: