Ռուսաստանի Նիժեգորոդսկ քաղաքում գործող «Հակաքրիստոսի կրոն» կազմակերպության առաջնորդին, որը կասկածվում է մորը մեկամյա երեխային սպանելու հրահանգ տալու մեջ, բաց են թողել ոստիկանական բաժանմունքից՝ նրա դեմ ապացույցներ չգտնելով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 41-ամյա Իրինա Մ.-ն նրանից հաղորդագրություն է ստացել, սակայն իրավապահները չեն կարողացել ճշտել՝ արդյոք հաղորդագրությունը հենց նրա հեռախոսից է ուղարկվել:

Տղամարդուն ոստիկանական բաժանմունք բերման էին ենթարկել Իրինա Մ.-ին ձերբակալելուց մի քանի ժամ անց: Նրան գտնելու համար ստուգել էին գործող բոլոր աղանդները: Պարզվել է, «Հակաքրիստոսի կրոն» աղանդը Նիժեգորոդսկում գործում է 2006թ.-ից, դրա անդամները շրջում են տներով եւ կոչ անում միանալ՝ երկրպագել սատանային, գրում է  LifeNews-ը:

Երեխայի սպանության գործով դատը կկայանա նոյեմբերի 16-ին, որի ընթացքում կընտրվի մանկասպանի նկատմամբ խափանման միջոցը:

Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին Իրինան դիմել էր ոստիկանություն՝ հայտնելով իր մեկ տարեկան որդի Պավելի անհետացման մասին: Նա ենթադրություն էր հայտնել, թե որդուն առեւանգել են: Փոքրիկ Պաշային որոնելու համար գործի էին դրվել օպերատիվ խմբերը. տղայի մարմինը գտել էին գետափին: Փորձաքննության արդյունքների համաձայն՝ երեխայի գլխին բութ առարկայով հարված են հասցրել, ինչից հետո նետել են գետը: Քննիչները պարզել են, որ երեխան հարազատ մոր զոհն է դարձել: