Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ամեն գնով չի փնտրում փրկիչի որպես նախագահ, քանի որ այդ մեթոդը չի աշխատի։ Նոյեմեբերի 16-ին ԱԺ-ում կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը։
Նրա խոսքով, այդ մեթոդը չի աշխատի, քանի որ քրիստոնեական աշխարհն արդեն ունեցել է մեկ փրկիչ, որին խաչեցին։ «Այժմ մենք չենք կարող գտնել փրկիչի ի դեմս մարդու։ Իսկ ելքը գաղափարների եւ ծրագրերի շուրջ համախմբվելն է»,- նշեց Մինասյանը։
Մինասյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի կառուցվածքային բարեփոխումներ, որոնց արդյունքում կփոխվի ոչ միայն մարդը, այլ նաեւ համակարգը։ «Գործող համակարգը պարտադրում է կոռուպցիայի եւ մենաշնորհի։ Սերժ Սարգսյանի հեռանալով համակարգը չի փոխվի։ Մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, որոնք արդեն ենթադրում են գործող անձանց եւ նախագահի փոփոխություն»,- ասաց պատգամավորը։
2013թ. նախագահական ընտրությունում ՀՅԴ թեկնածուի հարցի վերաբերյալ Արծվիկ Մինասյանը նշեց, որ կուսակցությունն առաջարկել է յոթ կետերից բաղկացած մոտեցումներ եւ քաղաքական կոնսուլտացիաների անցկացում։
«Եթե առաջադրվի թեկնածու, որը ոչ միայն կընդունի այդ մոտեցումները, բայց նաեւ կերաշխավորի, որ այդ բարեփոխումները կիրագործեն՝ այդ դեպքում հնարավոր է համախմբում նրա շուրջը։ Այս պահին իշխանությունն ունի հնարավորություն իրականացնել այդ յոթ մոտեցումները»,- մանրամասնեց Մինասյանը։
2013թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հավանականության մասին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Եթե նախագահ Սերժ Սարգսյանն ընդունի այս յոթ կետերը եւ երաշխավորի դրանց իրագործումը, ապա ինչու ոչ, քանի որ անձը մեզ համար երկրորդական նշանակություն ունի»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























