ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց նախապայմանների է գնացել երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախաձեռնությանը, ինչը ողջունել են ԵՄ-ն, ԱՄՆ-ը ու ՌԴ-ն:
«Արձանագրությունները ստորագրվեցին, սակայն Թուրքիան հրաժարվեց դրանք վավերացնել՝ առաջ քաշելով նախապայմաններ: Հնարավոր է՝ Թուրքիան չէր սպասում, որ Հայաստանը կարող է գնալ նման քայլի: Դա նրանց համար անսպասելի էր: Կարծում եմ՝ Հայաստանի այս նախաձեռնությունը նպաստեց, որ մեր երկրի՝ հուսալի գործընկերոջ համբավը միջազգային ասպարեզում կտրուկ բարձրանա: Տեղի ունեցածին միջազգային հանրությունն արդեն տվել է իր գնահատականը, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»,- ասել է Տ. Սարգսյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին, Տ. Սարգսյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ Ռուսաստանի նախաձեռնությամբ վերջին տարիներին կազմակերպվում էին երկկողմ հանդիպումներ, որոնք շատ օգտակար էին: «Նման հանդիպումների արդյունքում ձեւավորվում է նաեւ փոխվստահություն, կողմերը միմյանց համար ավելի կանխատեսելի են դառնում, ինչը թույլ է տալիս լուծել բազմաթիվ հարցեր: Վերջին շրջանում ԼՂ խնդրի շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության հետեւանքով, ինչը բոլորն են տեսնում»,- նշել է Տ. Սարգսյանը:




























