ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին աջակցություն է հայտնել Իսրայելին, նշելով, որ նա «ինքնապաշտպանության իրավունք ունի»: Նոյեմբերի 16-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Օբաման ափսոսանք է հայտնել Իսրայելում եւ Պաղեստինում խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար:

Իր հերթին, Նեթանյահուն երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահին եւ ամերիկյան ժողովրդին՝  Iron Dome (երկաթե գմբեթ) անվանումով հակահրթիռային պաշտպանության համակարգում ներդրման համար, որն արդյունավետորեն պաշտպանում է Գազայի հատվածից արձակվող հարյուրավոր հրթիռներից եւ փրկել է շատ իսրայելցիների կյանքը, ասվում է Սպիտակ Տան հաղորդագրության մեջ:

Նույն օրը Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, որի ընթացքում նրանք նույնպես քննարկել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը: Օբաման ընդգծել է իրավիճակի շուտափույթ կարգավորման կարեւորությունը, որի նպատակը կայունության վերականգնումն է եւ խաղաղ բնակչության շրջանում նոր զոհերից խուսափելը: Կողմերը նաեւ պայմանավորվել են առաջիկա օրերին կապի մեջ լինել: