Օդակայանի վերեւում բզզացող տարօրինակ սարք էր կախված՝ ոչ այն է ապագայից «հյուր», ոչ այն է՝ ֆանտաստիկ ֆիլմի պերսոնաժ (ֆոտո):
Իրականում դա Արզնիի օդակայանում ArmRobotics-ի շրջանակում անցկացվող ռոբոտ-անօդաչու թռչող սարքերի մրցույթի «մասնակից» էր։
Սա մրցույթի դեռ միջանկյալ փուլն է, դրանում իրենց ձեռքբերումներն են ներկայացրել յոթ թիմեր։ Եզրափակիչ փուլը, ենթադրվում է՝14 թիմերի մասնակցությամբ, նախատեսված է հաջորդ տարվա մայիսին։ Մրցույթի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը՝ պաշտպանության նախարարության եւ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է VivaCell MTS ընկերությունը, տեխնիկական հովանավորը՝ «ԱրթինՎարուժան» ընկերությունը։
Համաձայն մրցակիցներին ներկայացված պահանջների՝ թեւավոր (կոպտերների դեպքում՝ անթեւ) ռոբոտը պետք է ճանաչի տեղադրված նշանները եւ կողմնորոշվի տեղանքում, սահմանված վայրում գցի մինչեւ 300գ բեռը, առցանց ռեժիմով ուղարկի թռիչքի ժամանակ նկարահանած տեսանյութը, վերադառնա մեկնարկային կետ։
Անօդաչու սաքերի վայրէջքը կարող է անցկացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ մեխանիկական եղանակով, հեռակառավարմամբ։ Կազմակերպիչների տեղեկացմամբ մրցույթին կարող են մասնակցել ինքնաթիռներ, ուղղաթիռներ, կոպտերներ եւ թռչող այլ սարքեր։
«Ֆլայ արթ» ընկերության կրտսեր գիտաշխատող Գալուստ Սահակյանը պատմել է, որ մրցույթում ներկայացված օկտոկոպտերը մշակել են անգլիացիները. «Սա մասնավոր մշակում է։ Մենք այն հավաքեցինք, լրացրինք, հիմա զբաղվում ենք օդային տեսանկարահանումներով», - հստակեցրել է Սահակյանը։ Սարքի անվանումը թելադրված է նրանով, որ այն 8 ճառագայթ - «ոտիկներ» ունի։ Թռիչքի սկզբունքը նույնն է, որը որ ուղղաթիռի դեպքում։ Սարքն արժե 18 հազար եվրո։ Գալուստ Սահակյանի խոսքով՝ թռիչքի բարձրությունը երկու հազար մետր է, հեռահարությունը՝ հինգ կմ-ից ոչ պակաս, արագությունը 0-ից (կախված վիճակ) մինչեւ 50 կմ/ժ։ «Մեխանիկական կառավարմանը զուգահեռ սարքն ունի GPS ալեհավաք, ես նրան համակարգչի միջոցով կարող եմ կոորդինատներ հաղորդել եւ ձեռքերս ծալած դիտել՝ ինչպես է կատարում ողջ առաջադրանքը։ Ինչ վերաբերում է արագությանը, ավելին հարկավոր չէ։ Այնտեղ, որտեղ մենք դա կիրառում ենք, օրինակ՝ տեսահոլովակներ նկարահանելիս, մեծ արագություն չի պահանջվում», - հստակեցրել է ընկերության ներկայացուցիչը։ Սարքն աշխատում է մարտկոցներով, որոնք նույնպես նոր են մշակվել։
«Մասնակիցներից» ամենամեծը «Սքայ սփա» խմբի ստեղծած ինքնաթիռն է։ Խմբի ղեկավար Գոռ Մինասյանի խոսքով՝ առայժմ անանուն սարքի թեւերի բացվածքը 2,5 մ է, այն աշխատում է բենզինով, թռիչքի բարձրությունը մինչեւ երեք հազար մ է, հեռավորությունը՝ մինչեւ 70 կմ։ Սարքի ստեղծման համար երեք ամիս է պահանջվել։ «Մեր խումբը ստեղծվել է ավելի քան 10 տարի առաջ, կազմված է 11 հոգուց՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից՝ ավիամոդելիստներ, էլեկտրոնիկայի մասնագետներ, ռադիոինժեներներ», - նշել է Գոռ Մինասյանը։ Ի դեպ, խմբում աղջիկներ չկան։ «Դա լուրջ բացթողում է», - կեսկատակ-կեսլուրջ նշել է խմբի ղեկավարը։ Հարցին՝ ինչ է պետք ոլորտի զարգացման համար, Մինասյանը համոզված պատասխանել է. «Ոլորտը զարգանում է, կան եւ մասնագետներ, եւ գործի նվիրյալներ։ Սակայն ֆինանսավորում է պետք»։
Մրցույթին մասնակցում է նաեւ ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի թիմը։ Ինստիտուտի ղեկավար Դանիել Բալայանի խոսքով՝ «մեր մասնակցության նպատակը հաղթանակը չէ, այլ ձեռքբերածի ցուցադրումը եւ ուրիշներին օգնելը»։ Դանիել Բալայանն ընդգծել է, որ որքան ավելի շատ ընկերություններ գործեն այս ոլորտում, այնքան մրցակցությունը մեծ կլինի, եւ դա իր պտուղները կտա։
VivaCell MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով՝ տվյալ ծրագրի իրականացումը չափազանց կարեւոր է մի քանի ասպեկտներով։ «Սա հեռանկարային նախագիծ է, որը կարող է ծառայել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակների։ Մենք հարեւաններին պետք է ցույց տանք, որ մեր երիտասարդությունն ընդունակ է, եւ համապատասխան մարմինները պետք է նպաստեն նման ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է Ռալֆ Յիրիկյանը։











