2025–ի օգոստոսի 8–ին, ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25–ին, ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.
«2025–ի օգոստոսի 8–ին, ԱՄՆ–ի նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացել մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար։ Այս առիթով նախ ուզում եմ անդրադառնալ նրան, ինչին երկու օր առաջ նախագահ Թրամփը հղում արեց այս ամբիոնից։ Այո, ասել եմ, հիմա էլ վերահաստատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բերած բեկումը պարզապես հնարավոր չէր լինի առանց նախագահ Թրամփի անձնական միջամտության և խաղաղության հաստատմանն ուղղված նրա վճռական հանձնառության։
Նախագահ Թրամփի անձնական ներկայությունը գործնական և խորհրդանշական արտահայտություններ ունի նաև գետնի վրա։ 2025–ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված խաղաղության հռչակագրի 4–րդ կետում ասվում է. «ՀՀ–ն աշխատելու է ԱՄՆ–ի և փոխադարձաբար համաձայնեցված երրոդ կողմերի հետ, Հայաստանի տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրիփ հաղորդակցության ծրագրի շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Թրիփ նախագծի իրագործումն, ըստ այդմ, շոշափելի քայլերով իրականություն է դառնում, Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրված Թրամփի ուղի նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը առաջիկայում կվավերացվի ՀՀ ԱԺ–ում։ Հիմա մենք ԱՄՆ կառավարության հետ աշխատում ենք Trip Development Company Trip Development Company ընկերության ստեղծման և բաժնետիրական համաձայնագրի ստորագրման վրա։ Ըստ այդմ, սկզբնական շրջանում Հայաստանը 26 տոկոս բաժնեմաս կունենա այդ ընկերությունում, իսկ ԱՄՆ–ն՝ 74 տոկոս։ Համաձայնագիրը նախատեսում է, որ այն երկարաձգելու պարագայում 50–րդ տարում ՀՀ բաժնեմասը կդառնա 49 տոկոս՝ առանց լրացուցիչ ներդրման։
Թրիփ նախագծի գործնական արտահայտություններից մեկը 2025–ի օգոստոսի 8–ին իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված և ԱՄՆ նախագահի կողմից որպես վկա ստորագրված խաղաղության հռչակագրի 3–րդ կետի իրագործումն է լինելու։
Հռչակագրի 3–րդ կետում ասվում է. «Մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջազգային փոխադրումների համարն երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Թրիփ նախագծի իրագործումը պատմական նշանակություն է ունենալու Հայաստանի համար։ Վաղ 90–ականներից ի վեր, առաջին անգամ Հայաստանը երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, այսպիսով նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Չնայած պետք է ընդգծել, որ օգոստոսի 8–ի խաղաղության գագաթնաժողովից հետո Ադրբեջանը իր երկաթուղին բացել է Հայաստանի համար և հիմա մենք Վրաստանի տարածքով երկաթուղային կապ ունենք Ադրբեջանի հետ։
Թրիփ նախագծի իրագործումը Հայաստան–Ադրբեջան երկաթուղային ուղիղ կապ կստեղծի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան և Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան երկաթուղային կապ, որովհետեւ Հայաստանն իր հյուսիսային և հարավային շրջանների միջև երկաթուղային կապ չունի, և դա գործնականում հնարավոր է միայն Ադրբեջանի Հանրապետության, Նախիջևանի ինքնավար Հանրապետության տարածքով, իսկ Ադրբեջանը երկաթուղային կապ չունի իր Նախիջևանի ինքնավար Հանրապետության հետ և դա գործնականում հնարավոր է միայն Հայաստանի տարածքով:
Առաջիկայում մենք կվերականգնենք Հայաստանի Հանրապետության Մեղրիի և Երասխի Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած և հետագայում ավերված երկաթուղային հատվածները և իմ նշած երկաթուղային հաղորդակցությունները կբացվեն, բայց սա ունենալու է նաև հսկայական միջազգային նշանակություն, որովհետև նշված երկաթուղիների կառուցմանը զուգահեռ մենք սպասում ենք Հայաստան-Թուրքիա երկաթուղու բացմանը։
Թրիփ նախագծի հետ միասին սա կարող է միջազգային լոգիստիկայի ոլորտի վերջին տասնամյակների կարևորագույն իրադարձություններից մեկը դառնալ, որովհետև այսպիսով երկաթուղային նոր հաղորդակցություն կբացվի Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և ԵՄ–ի միջև։
Այս ամենը մեկ այլ շրջադարձային հնարավորություն է բացում միջազգային լոգիստիկայի համար, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար Հանրապետության միջև երկաթուղային կապի վերականգնումը վերականգնում է նաև երկաթուղային հաղորդակցությունը Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Սա կարևոր նրբություն է, որովհետև ցույց է տալիս, թե ինչու և ինչպես է Թրիփ նախագծի իրագործումը մեծ օգուտներ խոստանում մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, և այս պոտենցիալ օգուտները կարող են երկարաժամկետ կայունության և խաղաղության անկյունաքար դառնալ, առավել ևս Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Շուրջ 35-ամյա կոնֆլիկտից հետո, հիմա մենք քննարկում ենք Թրիփ նախագծի շրջանակներում Արևելքից Արևմուտք, երկաթուղուց բացի, խոհակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, ճանապարհներ կառուցելու հարցերը, և սա հնարավորություն կտա, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ամբողջ Հարավային Կովկասը դառնա խաղաղության խաչմերուկ։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք։
Այս ամենը արտահայտում է այն լավատեսությունը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովից հետո հաստատված է մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի քաղաքացիները իրենց լավատեսությունը վերահաստատեցին այս տարվա հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, որտեղ ընտրությունների մասնակիցների ճնշող մեծամասնությունը քվեարկեց «Տեր կանգնիր խաղաղությանը» կարգախոսի օգտին՝ ՔՊ կուսակցությանը հնարավորություն տալով ձևավորել խորհրդարանական մեծամասնություն։
Ընտրությունները տեղի ունեցան առանձնահատուկ արտաքին տեղեկատվական մանիպուլյացիոն միջամտությունների պայմաններում և արտաքին ու ներքին մի շարք ուժեր պետության զավթման պլան էին մշակել և իրագործում զանգվածային դեզինֆորմացիայի հիբրիդային և այլ գործիքներին զուգահեռ կիրառելով նաև զանգվածային ընտրակաշառքների բաժանումը։ Բայց վերջին տարիների մեր իրականացրած ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումները արդարացրեցին իրենց, Հայաստանի պետական ինստիտուտները ցուցաբերեցին բարձր դիմակայունություն՝ կանխելով պետության զավթումը և Հայաստանի ժողովրդին իր խոսքը ասելու հնարավորություն տալով։
Հայաստանի ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը և մենք պետք է հետևողականորեն զբաղվենք խաղաղության հետագա ուժեղացմամբ և ինստիտուցիոնալացմամբ։
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, որի շուրջ համագործակցելու պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի հետ։ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ ականազերծման հարցերում։ Եվ իհարկե Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին։ Այս հարցերի դեռևս չլուծված լինելու հետ մեկտեղ հոռետեսներին սնող մյուս պատճառը ժամանակ առ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի որոշակի շրջանակներում երբեմն պաշտոնական մակարդակում կոնֆլիկտային խոսույթների օգտագործումն է։ Կարծում եմ, որ մենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին։
Խաղաղության մասին հոգ տանելը, այն ամրապնդելը ու ինստիտուցիոնալ դարձնելը, Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության հիմնական թեման պետք է լինի: Արդեն երկուսուկես տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհրաձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, և սա կարծում եմ այն մեծագույն արժեքն է, որը ստեղծվել է վերջին տարիների համագործակցությամբ: Անկախ Հայաստանի և անկախ Ադրբեջանի հարաբերություններում նախկինում երբեք այսպիսի ժամանակաշրջան չենք ունեցել, չնայած հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն։ Մեր խնդիրը սակայն այդ փորձը վերականգնելը չէ, այլ ժողովրդական այդ փորձի հիման վրա միջպետական հարաբերություններ կառուցելը, հիմնված միմյանց տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական անկախության հարգման վրա։
Սա, ի դեպ, ճշգրիտ այն խոսույթն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնեցրել և նախաստորագրել են երկու երկրների միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրում։
Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովում նախաստորագրված այդ համաձայնագիրը ստորագրելն ու վավերացնելը Հայաստանի և Ադրբեջանի համատեղ օրակարգի հաջորդ խոշոր թեման է, և մենք հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ։
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանի կողմից որդեգրված հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը բխում է բազմաբևեռության տրամաբանությունից, որը ՄԱԿ–ի գործունեության առանցքային սկզբունքներից է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի, ԱՄՆ–ի, Եվրոպական միության հետ։
Այսօր, ի դեպ, եվրոպական հանձնաժողովը հաստատել է Հայաստանի համար առևտրային ինքնավար միջոցներ սահմանելու մասին որոշումը, ինչը Հայաստան-Եվրոպական Միություն նոր որակի հարաբերությունների հերթական դրսևորումն է:
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը։ Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։
Մենք, իհարկե, շարունակելու ենք Հայաստանից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող մեր գործընկերների հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումը և այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն։
Բայց չեմ կարող նաև չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը։
Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների դինամիկայի մասին արդեն խոսեցի։ Թուրքիայի հետ մենք բարձր մակարդակի երկխոսություն ունենք և ուզում եմ հաստատել նախագահ Էրդողանի նախորդ օրը այս ամբիոնից ասած խոսքերը այն մասին, որ վճռականորեն առաջ ենք մղում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մեր մյուս երկու հարևաններ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները, ինչպես նախկինում, մեզ համար ունեն բացառիկ կարևորություն և մեր բարեդրացիությունը շարունակում է զարգանալ և խորանալ։
Տարածաշրջանի կայունության և զարգացման գործում իր բաժին ներդրումը Հայաստանի Հանրապետությունը համարում է միջազգային խաղաղության, կայունության և զարգացման գործում իր առանցքային անելիքը։
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի հարգելի նախագահ, ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք,
Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը և բոլորիդ հրավիրում եմ մասնակցելու Հայաստանի և կենսաբազմազանության միջազգային օրակարգի համար այդ կարևորագույն միջոցառմանը։
Հարգելի տիկնայք և պարոնայք, սա էի ուզում ձեզ հետ կիսել այսօրվա իմ ելույթում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։




























