Իրանը պետք է պատրաստվի նոր պատժամիջոցների: Այդ մասին հունվարի 25-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելի խոսքով, Թեհրանը պետք է շտապի եւ համագործակցության գնա ՄԱԳԱՏԷ-ի (ԱԷՄԳ) հետ՝ հնարավորություն տալով տեսուչներին ստուգել ատոմային զենքի առկայությունը:

Ինչպես հաղորդում է 7kanal.com կայքը, Թեհրանի վրա Բեռլինի կոշտ ճնշումը պայմանավորված է «Դեր Շպիգել» հանդեսում հրապարակված Իրանի ատոմային ծրագրի առկայության մասին հոդվածով:

Համաձայն պարբերականի, որ վկայակոչում է հետախուզության կոնկրետ գաղտնի փաստաթղթեր, Իրանի ատոմային ծրագիրը ռազմական ուղղվածություն ունի, եւ ենթարկվում է պաշտպանության նախարարությանը: Ավելին, հանդեսի տվյալներով, ռումբի մշակումը գտնվում է չափազանց բարձր մակարդակի վրա, եւ արդեն 2010թ. Թեհրանը կարող է մի բեռնատարի չափ պարզունակ ռումբ ստեղծել: Ապա այն անհրաժեշտ է փոքրացնել անհրաժեշտ չափերի, որպեսզի ատոմային մարտագլխիկը հնարավոր լինի տեղադրել հրթիռների վրա:

Միեւնույն ժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ Գերմանիան հրաժարվել է Իրանի Բենդեր-Աբբաս նավահանգստի վերանորոգման ծրագրից, ինչը Բեռլինի կողմից ճնշման ուժգնացման եւս մեկ ապացույց է:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով, գերմանական ընկերությունը, որ մասնագիտացել էր նավահանգիստների սպասարկման մեջ, հրաժարվել է Իրանի հետ պայմանագրից՝ Իսրայելի ճնշման տակ: Ինչպես հաղորդում է ISRA.com կայքը, իսրայելական դեսպանությունը դիմել է Մերկելին՝ համառորեն պահանջելով հրաժարվել գործարքից:

Zman.com-ի տվյալներով, դա միայն մեկ պատժամիջոց է, որ ձգտում է իրականացնել Իսրայելը Իրանի նկատմամբ: Այժմ էլ փորձում է Գերմանիային համոզել՝ հրաժարվել գազի պայմանագրից: