ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները նոյեմբերի 17-ին հանդիպում են ունեցել ՕԵԿ կուսակցության գրասենյակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՕԵԿ մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը: Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են ՀՅԴ-ի ներկայացրած յոթ առաջարկները: «Մենք լսել ենք դաշնակցության ներկայացրած առաջարկությունները: Շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել: Սակայն այդ յոթ կետերի վերաբերյալ մեր պաշտոնական դիրքորոշումները կհայտնենք ՕԵԿ-ի առաջիկա քաղխորհրդի նիստից հետո»,- ասաց Արթուր Միսակյանը: Հարցին, թե ԲՀԿ-ի կողմից ներկայացված խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը հանդիպման ընթացքում քննարկվել է, թե ոչ՝ ասաց. «Քննարկվել են միայն այն կենտերը, որոնք ներկայացրել է ՀՅԴ-ն»: Արթուր Միսակյանը նշեց, որ նիստը ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք ՀՅԴ-ի առաջարկած յոթ կետերը նախագահական ընտրությունների առաջ։
1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձեւավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։
2. Մինչեւ 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ` կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:
3. Իշխանություններին վերահսկելու եւ հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության եւ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների, ինչպես նաեւ ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:
4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը եւ աղքատության վերացումը:
5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը եւ դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:
6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության եւ ինքնուրույնության ապահովումը:
7. ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կնքել ռազմաքաղաքական դաշինք: Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի եւ անվտանգության առաջնայնությունը:
Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման, պատմական արդարության վերականգնման հեռանկարը:





























