Այսօր, նոյեմբերի 19-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «21-րդ դարի մարտահրավերները եւ Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների եւ միջազգայնագետների համահայկական համաժողովը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները, մասնավորապես` համագործակցությունը եվրոպական եւ այլ միջազգային անվտանգության, քաղաքական ու տնտեսական կառույցների հետ, ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, այդ թվում` ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում, գործընկերությունը ՀԱՊԿ շրջանակներում, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը:

«Հայաստանի ազգային անվտանգության համար առաջնային նշանակություն ունեցող առաջին խնդիրը ռազմական անվտանգության ապահովումն է: Պետությունը պետք է իր ռազմական եւ քաղաքական ինստիտուտներով պատրաստ լինի դիմակայել ցանկացած ոտնձգության կամ ռազմական ագրեսիայի: Երկրորդը` երկրի տնտեսական անվտանգության ապահովումն է: Մենք պետք է կարողանանք ապահովել էներգետիկ, պարենային, տրանսպորտային, տեղեկատվական անվտանգությունը: Երրորդը սոցիալական եւ դեմոգրաֆիական անվտանգությունն է, որն ունի հիմնարար նշանակություն»,- նշել է Արթուր Բաղդասարյանը: