Հայ ժողովուրդը ընտրում է վատի ու վատագույնի միջեւ, նոյեմբերի 19-ին հրավիրած ասուլիսում ասաց «Ազատ դեմոկարատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Ասուլիսի մյուս բանախոսը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը չհամաձայնեց՝ ասելով, որ մեր ժողովուրդը ընտրում է լավի ու լավագույննի միջեւ: Ինչպես նաեւ Պորտուգալիայում տարածված մի ասացվածք հիշեցրեց՝ լավագույնը լավի թշնամին է: Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից հրավիրված կոնսուլտացիաներին՝ Արտակ Դավթյանը ասաց, որ դա քաղաքական ուժի որոշելիքն է: Սակայն կարծում է, որ այդ առաջարկությունները իրադարձություններից կտրված քննարկումներ են եւ այդ առաջարկությունների տողատակերում պետք է հասկանալ, թե ինչ են ցանկանում ասել:
Անուշ Սեդրակյանը ասաց, որ քաղաքական կոնսուլտացիաների երեւույթը ինքնին ողջունելի է, սակայն կարծում է, որ իրար պետք է լսեին մի երեք տարի առաջ: «Մենք որպես իրոք ազատական թափանցիկ ուժ լսելու ենք բոլոր ուժերին: «Ազատ դեմոկարատները» եւս խոսելու են ԲՀԿ-ի եւ բոլոր քաղաքական ուժերի հետ, բայց ես համարում եմ, որ հենց «Ազատ դեմոկրատները» բոլորի հետ պետք է խոսեն իբրեւ ամենաազատական քաղաքական ուժ»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Անուշ Սեդրակյանը կարծում է, որ եթե երրորդ նախագահը անձամբ է հանդես գալիս, ապա առաջին եւ երկրորդ նախագահները ներկայացուցիչներ կունենան ընտրություններում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am





























