ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում համանախագահները կլինեն նաեւ Արցախում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում սովորաբար համանախագահները այցելում են նաեւ Արցախ եւ հանդիպում ԼՂՀ ղեկավարության հետ:

«Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական եւ չեմ կարծում, որ այս անգամ ձեւաչափը կփոխվի»,- նշեց Դավիթ Բաբյանը: Հարցին, թե  երբ է նախատեսված համանախագահների այցը Արցախ եւ, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված Դավիթ Բաբայանը ասաց. «Մոտակա մի քանի օրվա ընթացքում օրը կհստակեցվի: Ինչ վերբերում է  օրակարգին, ապա օրակարգը ընդհանուր է, քանի որ Ադրբեջանի կողմից Սաֆարովի հերոսացման գործընթացից հետո մեզ համար որեւէ կոնկրետ առաջարկի քննարկում, որեւէ ձեւով տրամաբանական չէ: Հետեւաբար` հավանաբար ընդհանուր քննարկումներ տեղի կունենան»:

Դավիթ Բաբյանի փոխանցմամբ, այս պահին պետք է քայլեր ձեռնարկել գործընթացը պահպանելու ուղղությամբ եւ չթողնել, որ այն վերջնականապես մտնի փակուղի: «Իսկ Ադրբեջանի քայլերը բերում են միայն դրան: Հետեւաբար` կարծում եմ, որ հիմնականում այս հարցերի շուրջ են լինելու քննարկումները: Մենք անելու ենք այն ամենը ինչ բխում է մեր շահերից եւ այն ինչ անհրաժեշտ է կայունության, խաղաղության պահպանման համար: Կարծում եմ, որ սա բավականին հավասարակշռված մոտեցում է, բայց ասել, որ մենք կարող ենք պահպանել գործընթացը Ադրբեջանի փոխարեն՝ ճիշտ չէ, որովհետեւ յուրաքանչյուրը պետք է ինքը պահպանի կայուն գործընթացը իր իսկ քայլերով»,- ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները։ ԱՊԱ գործակալության տվյալներով, նոյեմբերի 26-ին միջնորդները կժամանեն Բաքու։ Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ հանդիպումներից հետո համանախագահները կժամանեն Երեւան: Միջնորդները մտադիր են այցելել նաեւ Արցախ: Այցը նախորդում է դեկտեմբերի 6-ից 7-ը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: Նկատենք, որ պաշտոնական Երեւանը դեռ չի հայտնել համանախագահների այցելության ստույգ ժամկետը: