Ռուսաստանի արտգործնախարարությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իսրայելի եւ պաղեստինցիների միջեւ ուժային առճակատումը եւ վերադառնալ քաղաքական կարգավորմանը:
«Ներգրավված կողմերին կոչ ենք անում մարդկային նոր զոհերից խուսափելու համար վերջ դնել զինված բոլոր դրսեւորումներին: Նորից հաստատում ենք Իսրայելի տարածքի հրետակոծությունների եւ Գազայի հատվածում հարվածների անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշումը, որի հետեւանքով տուժում են խաղաղ անմեղ բնակիչները… Ռուսաստանը կշարունակի ամենաակտիվ գործողությունները, այդ թվում կներգրավի ՄԱԿ-ի ԱԽ-ին եւ միջազգային միջնորդների մերձավորարեւելյան «քառյակը», որպեսզի կարգավորի իրադրությունը, անդորր եւ անվտանգություն ապահովի պաղեստինցիների եւ իսրայելցիների համար, ինչը նրանց թույլ կտա վերադառնալ քաղաքական կարգավորմանը», - ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն, վկայակոչելով լրատվամիջոցներին, մեջբերում է նաեւ հակամարտության վիճակագրությունը. նոյեմբերի 14-ին ռազմական գործողությունն սկսելու պահից Իսրայելի զինված ուժերը հարվածել են 1350 թիրախների: Պաղեստինյան կողմից շուրջ 90 մարդ զոհվել է, որի մեկ երրորդը՝ կանայք եւ երեխաներ: Նոյեմբերի 18-ին հարձակման է ենթարկվել Գազայի լրատվական կենտրոնը, որի հետեւանքով տուժել են մի քանի հեռուստաալիքների գրասենյակներ, այդ թվում նաեւ «Ռուսիա ալ Յաում» հեռուստաալիքի թղթակցային բաժինը: Բարեբախտաբար, լրագրողների շրջանում զոհեր չեն եղել: Այդ հարվածի հետեւանքով վիրավորվել էր «Ալ Քուդս» հեռուստաալիքի վեց աշխատակից:
Հակամարտության սկզբից Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 1000 հրթիռ եւ կործանիչ: Ըստ լրատվամիջոցների` բժշկական օգնության է դիմել Իսրայելի շուրջ 200 քաղաքացի:





























