Նոյեմբերի 18-ին, Ամենայն հայոց հայրապետության պատվիրակությունը Եգիպտոսի Կահիրե քաղաքում մասնակցել է Ալեքսանդրիայի եւ Համայն Աֆրիկայի նորընտիր Պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թեւադրոս Բ-ի գահակալության արարողությանը: Պատվիրակության կազմում էին Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Պատարագի սրբազան արարողությունից հետո պատվիրակության անդամներն առանձին հանդիպում են ունեցել Թեւադրոս Բ պապի հետ` Ղպտի եկեղեցու գահակալին փոխանցելով Գարեգին Բ-ի եղբայրական ողջույններն ու շնորհավորական ուղերձը: Նորին Սրբության շնորհավորագրում մասնավորապես ասված է. «Աստծու կամքով եւ ղպտի հավատացյալների վստահությամբ Ձերդ Սրբությունը, որպես Սբ. Մարկոսի հետնորդ, արժանացել է  երկրի համար այս կարեւոր շրջանում ղպտի քրիստոնյաներին ծառայելու եւ նրանց հոգեւոր կարիքները հոգալու պատվին: Ամենակարող Աստծու զորակցությամբ Ձերդ Սրբությունը կշարունակի Ձեր երջանկահիշատակ նախորդի աշխատանքը` նաեւ նպաստելով եկեղեցիների միջեւ երկխոսությանը…:  

Մեր երկու դավանակից Եկեղեցիները դարեր շարունակ կապված են իրար հետ հավատքի անշեղ միությամբ եւ Քրիստոսի անմնացորդ սիրով: Մեր երկու եկեղեցիների միջեւ եղբայրական հարաբերությունները արտահայտվել են երկկողմանի հանդիպումներով եւ էկումենիկ շարժան մեջ մեր ներկայացուցիչների համագործակցությամբ: Մենք աղոթում ենք, որ այս հարաբերությունները նորոգյալ ոգով շարունակվեն Ձերդ Սրբության գահակալության օրոք` արձանագրելով նոր ձեռքբերումներ»: