Իսրայելը շահագրգռված է Գազայի հատվածում 24-ից մինչեւ 48 ժամ հրադադարի համաձայնության հասնելու մեջ։

Իսրայելական ռադիոյի փոխանցմամբ, նման առաջարկ է հնչել Իսրայելի ներկայացուցիչների եւ ՀԱՄԱՍ շարժման միջեւ կայացած անուղղակի բանակցություններում, որոնք Եգիպտոսի միջնորդությամբ ընթանում են Կահիրեում։

Իսրայելում կարծում են, որ կարճատեւ հրադադարի արդյունքում հնարավոր կլիներ քննարկել ամբողջական զինադադարի մասին համաձայնագրի մանրամասները, հաղորդում է «Ինտերֆքսը»։

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին ուշ երեկոյան Իսրայելի կառավարությունը քննարկել է Եգիպտոսի առաջարկած նախագիծը, որը վերաբերում է հրադադարին։

«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ նոյեմբերի 19-ին պաղեստինցիները 1,5 անգամ նվազեցրել են Իսրայելի հրթիռակոծության ինտենսիվությունը։

Նոյեմբերի 19-ին Իսրայելի տարածքում ընկել է 67 հրթիռ։ Կիրակի դրանց թիվը կազմում էր 105, իսկ շաբաթ օրը՝ 170։