Մոսկվան եւ Վաշինգտոնը Սիրիայի շուրջ իրադրության հարցում համաձայնության չեն հասել: Այդ մասին Կամբոջայում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ բանակցություններից հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ընդհանուր գիծ առայժմ չի նշմարվում», - ասել է նա: Ռուս նախարարի խոսքով՝ ինքն առայսօր ամերիկյան կողմից սիրիական խնդրի հետագա կարգավորման վերջնական պատասխան չի ստացել: Լավրովը նշել է, որ Քլինթոնը հաստատել է ժնեւյան պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք էին բերվել Սիրիայի հարցով «Գործողությունների խմբի» հանդիպման արդյունքում, բայց՝ որոշ վերջնագրերով: «Վստահ ենք՝ դա չի աշխատի», - նշել է նախարարը:
Միաժամանակ ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Դոհայում սիրիական ընդդիմության՝ ազգային կոմիտեի ստեղծման մասին պայմանավորվածությունները հակասում են ժնեւյան համաձայնություններին: «Մենք դրա միջով արդեն անցել ենք, այդ թվում՝ Իրաքում», - ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակի կրկնությունը միջազգային հանրությանը հարկավոր չէ:





























