ԱՄՆ-ի Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Իսրայել եւ Պաղեստին՝ կարգավորելու պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Քլինթոնը կայցելի Երուսաղեմ, Ռամալահ եւ Կահիրե:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով՝ Քլինթոնը նոյեմբերի 20-ին Մերձավոր Արեւելք  կմենի Կամբոջայից, որտեղ Հարավ-արեւելյան Ասիայի շրջագայության ընթացքում ուղեկցում է նախագահ Օբամային:

Պետքարտուղարը Մերձավոր Արեւելքի այցը կսկսի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Միաժամանակ,  Agence France-Presse-ի հաղորդմամբ՝ Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել Գազայի հատված ցամաքային ներխուժումը: Կառավարության բարձրաստիճան աղբյուրը  հայտնել է, որ դա արվում է հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ավելի շատ ժամանակ հատկացնելու համար, որն անցկացվում է Եգիպտոսի միջնորդությամբ:

Հիշեցնենք, նոյեմբերի 14-ից Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել: Լրատվամիջոցների տվյալներով՝ արդեն ավելի քան 100 պաղեստինցի է զոհվել: