Աշխարհում թրաֆիքինգի կազմակերպիչներից զոհերին պաշտպանելու  բազմաթիվ միջոցներ կան, ընդհուպ մինչեւ դեմքի պլաստիկ վիրահատություն: Այս մասին այսօր` նոյեմբերի 20-ին, հրավիրած ասուլիսում ասաց  «Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակերպության թրաֆիքինգի եւ միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթեւիկ Բեժանյանը: Նրա խոսքով, զոհը բավականին շատ ինֆորմացիա ունի թրաֆիքիգինգ մասին, հետեւաբար նրանց կյանքը այդ առումով վտանգված է նույնիսկ նրանց ճիրաններից ազատվելուց հետո: Ավելին` հիշեց, որ մեզ մոտ երեխաներից մեկի դատավարության ժամանակ տուժողը դանակահարվեց: Դեպքեր են լինում նաեւ, երբ հենց նույն զոհերն են հետագայում թրաֆիքինգով զբաղվում:

«Մեր քրեական գործերով անցած դեպք ունենք, երբ զոհը դարձել է թրաֆիքինգյոր եւ այստեղից ինքն է կանանց տեղափոխել Էմիրություններ սեռական շահագործման»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը եւ ավելացրեց, որ հիմնականում թրաֆիքինգի զոհ են դառնում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Թրաֆիքինգի զոհերի հոգեբանությունը ուսումնասիրող հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ ավելացրեց, որ եթե, որեւէ երեխայի հատկապես դեռահասության շրջանում, երբ պիտակներ են կպցնում, թե  դու չես կարող, քեզ մոտ դա չի ստացվի,  դու հիմար ես եւ նմանատիպ այլ պիտակներ, ապա  այդ երեխաները չի բացառվում, որ մի օր թրաֆիքնինգի զոհ դառնան:

«Եթե նույնիսկ այդ երեխան իսկզբանե շատ քիչ պոտենցիալ ուներ այդպիսին դառնալու: Շատ հաջողակ մարդկանց  մեջ էլ են եղել շատ վատ մանկություն ունեցող մարդիկ, բայց կարողացել են հաղթահարել այդ բարդույթը»,- ավելացրեց հոգեբանը: