ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի տնօրեն Դեյվիդ Մորիսոնին: Նախարար Արամ Հարությունյանը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության մասով Հիմնադրամը մեծապես հեշտացրել է գործը։

«Ձեր օգնությամբ մենք իրականացնում ենք լուրջ վերահսկողական միջոցառումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, որի արդյունքում արձանագրել ենք դրական տեղաշարժեր»,-նշել է նախարար Հարությունյանը:

Կողմերը քննարկել են 2012թ. Կովկասի Բնության հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ներին տրվող ֆինանսավորման եւ կատարված գործի արդյունքները: Դեյվիդ Մորիսոնը նույնպես նշել է, որ հիմնականում ԲՀՊՏ-ների մասով արձանագրվել է դրական տեղաշարժեր, սակայն դեռ կան անելիքներ կառավարման պլաններում եւ պահպանության հարցերում: Արամը Հարությունյանը հայտնել է, որ այն խնդիրները, որոնք արձանագրվել են 2012թ. գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:  Խնդիրների շարքում առանձնացվել են պահպանվող տարածքներում  տեխնիկական վերազինման եւ աշխատակիցների խրախուսման համակարգերի ներդրման մասին հարցերը:

Արամ Հարությունյանը եւ Դեյվիդ Մորիսոնը քննարկել են նաեւ 2013թ. իրականացվելիք գործողությունների ծրագիրը եւ հույս հայտնել, որ ապագայում կարձանագրվեն ավելի լուրջ ձեռքբերումներ: