Ժամանակակից Իրանի պատմության մեջ հակահայկական էջէր չկան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր, հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Կարել Խանլարյանը:
«Իրանում հայ բնակչության թիվն, ըստ տարբեր գնահատականների, կազմում է շուրջ 100-120 հազար: Նրանց հիմնական խնդիրները ներկայումս ծագում են սոցիալ-տնտեսական ոլորտում, քանի որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների եւ երկրի իշխանությունների տնտեսական ոչ ճիշտ քաղաքականության պատճառով վատացել են երկրում սոցիալ-տնտեսական պայմանները: Դա պատճառ է դարձել, որ իրանահայերի շրջանում արտագաղթ սկսվի դեպի Եվրոպա, ԱՄՆ եւ ցավոք վերջին հերթին Հայաստան»,-նշեց իրանահայ պատգամավորը:
Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են անհանգստացնում իրանահայերին, Իրանի խորհրդարանի մեկ այլ հայ պատգամավոր՝ Ռոբերտ Բեգլարյանը հայտնել է, որ ոչ բարենպաստ գործոններ են հանդիսանում երկրի միջազգային շրջափակումը, ինչպես նաեւ տնտեսական պայմանները:




























