Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ հանդիպման ժամանակ արած հատարարությանը, թե Հայաստանը «օկուպանտ» երկիր է, որը խնդիրներ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

Շարմազանովի արձագանքում, մասնավորապես, ասվում է.

«Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները կարծես անհեթեթ հայտարարությունների մրցույթ են սկսել: Թուրքիայի խորհրդարանի խոսնակի այս հայտարարությունը վկայությունն է այն բանի, որ այդ պետության կողմից ստի եւ կեղծիքի քաղաքականությունը շարունակվում է:

Թարմացնելով թուրք պաշտոնյայի հիշողությունը՝ նշեմ, որ Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Թուրքիան է օկուպացրել ԵՄ անդամ Կիպրոսի հանրապետության հյուսիսային մասը, որտեղ եւ զինվորական վերապատրաստում է անցել ոճրագործ Սաֆարովը:

Թուրքիան է զրոյացրել հարաբերությունների կարգավորումը հարեւան երկրների հետ: Պաշտոնական Անկարայի ռազմական եւ ֆինանսական օժանդակությամբ է Ադրբեջանն օկուպացրել ԼՂՀ մի շարք տարածքներ:

Հետեւությունը մեկն է. ծիծաղաշարժ դրության մեջ չընկնելու համար երբեմն ավելի շահեկան է լռել»: