Դեկտեմբեր ամսվա ընթացքում ԵվրԱզէս-ին, ապա դրա հիմքի վրա ստեղծվելիք Մաքսային միությանը եւ Եվրասիական միությանը Հայաստանի լիարժեք մասնակցության հարցը կդրվի նոր սրությամբ (ներկայումս Հայաստանը ԵվրԱզէս-ի դիտորդ անդամ է): Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Այդ ամսվա ընթացքում Աշգաբադում` ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Եվ այդ հանդիպման ժամանակ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Պուտինը պահանջելու է Սերժ Սարգսյանից հստակ դիրքորոշում հայտնել՝ Հայաստանը ընդգրկվո՞ւմ է ԵվրԱզէս-ում, թե առաջվա նման մնում է դրա դիտորդ անդամ:
Խնդիրն այն է, որ ԵվրԱզէս-ին անդամակցության հարցը դարձել է այն «չափանիշը», որով որոշվելու է` Հայաստանը, պատկերավոր ասած, գնում է դեպի Արեւմո՞ւտք, թե դեպի Ռուսաստան: Սերժ Սարգսյանը, ի տարբերություն, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանի, որը աոիթը բաց չի թողնում իր բացասական վերաբերմունքն արտահայտելու համար, երբեք որեւէ դիրքորոշում չի հայտնել ԵվրԱզէս-ին անդամակցելու վերաբերյալ:
Պետք է նկատել, որ Հայաստանի անդամակցության հարցը որոշակի պարբերականությամբ սրվում է: Մասնավորապես, այս տարվա հուլիսի 10-ին Հայաստան էր ժամանել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսեւ դրանից երկու շաբաթ անց` ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը: Այդ երկու այցերի կարեւորագույն նպատակներից էր` Հայաստանին ստիպել անդամակցել ԵվրԱզԷս-ին: Մյուս կողմից Եվրամիությունն է փորձում Հայաստանին հեռու պահել ԽՍՀՄ-ատիպ այդ ծրագրից: Երեկ «ԵՄ-Հայաստան ինտեգրում, պետական կառույցների համագործակցության ընդհանուր մոտեցման ձեւավորում» խորագրով սեմինարի ժամանակ Եվրամիության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օնո Սիմոնսը կարծիք է հայտնել, թե Եվրասիական միության ստեղծումը փորձ է վերադառնալու ԽՍՀՄ-ին, ուստի Հայաստանն ինքը պետք է հասկանա, թե որտե՞ղ են իր շահերը: 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ հարցը կրկին սրվում է: Պետք է նկատել, որ այս «Արեւմուտք»-«Ռուսաստան» երկընտրանքը մեծ ազդեցություն է թողնելու Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: Ինչպես դա կարտահայտվի, կերեւա առաջիկա ամիսներին»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























