Նոյեմբերի 20-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային Ազգային խորհրդի նախագահ Մուհամադ Ահմադ Մուրիի հետ հանդիպմամբ մեկնարկեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Աբու Դաբի։
ԱՄԷ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այս այցելությունն առավել կամրապնդի համագործակցությունը։
Մուհամադ Ահմադ Մուրին եւ Էդվարդ Նալբանդյանը մտքեր են փոխանակել հայ-էմիրաթյան փոխգործակցության ընդլայնման շուրջ, մասնավորապես կարեւորել են միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի մի շարք խնդիրներ։
Աբու Դաբիում կայացել են Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄԷ արտգործնախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի բանակցությունները։
Հայաստանի եւ ԱՄԷ արտգործնախարարները, գոհունակությամբ արձանագրելով երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, պայմանավորվել են միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացման ժամկետների, արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդատվությունների ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, տնտեսական համագործակցության զարգացման, կրթական եւ մշակութային փոխանակումների խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Կարեւորվել է Երեւանում ԱՄԷ դեսպանության հիմնումը։
Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց են ունեցել միջազգային օրակարգի խնդիրների՝ Գազայի հատվածում լարվածության աճի եւ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրվող ջանքերը։
Նախարարներ Նալբանդյանն ու Ալ Նահայանը անդրադարձել են միջազգային հարթակներում համագործակցության եւ միմյանց թեկնածությունների սատարման հարցերին։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրել են Օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագիրը, որը միտված է կանոնակարգելու երկու երկրների միջեւ օդային կապը։
Հայ-էմիրաթյան առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն էր նվիրված ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ-Քասիմիի հետ Էդվարդ Նալբնադյանի հանդիպումը։
Նախարար ալ-Քասիմին ջերմությամբ վերհիշել է Հայաստան կատարած իր այցելությունները եւ գոհունակությամբ նշել, որ դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն կյանքի են կոչվում։
Զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցութան միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման ուղղությամբ տարվող աշխատանքները, մանրամասն անդրադարձել են Հայաստանից ԱՄԷ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալների մեծացմանն առնչվող հարցերին։
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Աբու Դաբիում ՀՀ դեսպանատանը հանդիպում է ունեցել ԱՄԷ-ում հայության ներկայացուցիչների հետ։




























