Հայ-լեհական հարաբերությունների պատմությունն սկսվում է միջնադարից, այսօր երկու երկրները համագործակցում են իբրեւ ազատ, անկախ պետություններ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 21-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ անդրադառնալով Լեհաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Դիվանագետի խոսքով՝ երկու երկրների համագործակցությունը բազմակողմանի է,  ներառում է ոչ միայն կառավարությունների մակարդակով հարաբերություններ, այլեւ այլ ասպարեզներում. «Երկու երկրների հարաբերությունները գործընկերային են՝ փոխվստահության վրա հիմնված»:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին՝ դեսպանը նշել է, որ տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում  է 30 մլն եվրո, ինչը, ըստ նրա, անբավարար ցուցանիշ է, քանի որ տարիների ընթացքում առաջընթաց չի գրանցվել:

«Պատճառն այն է, որ հաճախ Լեհաստանից ապրանքները Հայաստան են հասնում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի միջոցով, ինչը խոչընդոտում է ապրանքաշրջանառության աճին», - ասել է Ռաչինսկին՝  նկատելով, որ Հայաստանում լեհական ընդամենը մեկ ընկերություն է գործում՝ 10 մլն եվրոյի շրջանառությամբ: