«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց միասնական թեկնածուով հանդես գալու հավանականությունը: Նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրա վերաբերյալ հարցերին կպատասխանի ավելի ուշ՝ Բաքվից վերադառնալուց հետո:

«Ընթանում են խորհրդակցություններ, դրանք հետապնդում են ամենատարբեր նպատակներ, ամեն մեկն իր օրակարգն է ներկայացնում, իր շահն է ներկայացնում։ Եթե կարողանանք ընդհանրությունների վրա շեշտադրումներ անել, ոչ թե տարբերությունների, ապա կարող է  դեկտեմբերին նոր իրավիճակի առաջ կանգնենք, եւ ոչ միայն  հնարավոր լինի հավաքական թեկնածուով հանդես գալը, այլեւ անհրաժեշտ»,- ասաց նա՝ շեշտելով, որ այդ քաղաքական քննարկումները մի քիչ ուշացած են:

«Ժառանգության» առաջնորդը մտադրված է առաջադրվել, բայց նաեւ նշեց, որ հավաքական թկենածուի առաջարկը չունի մրցակից, իսկ եթե ունենանք տարբեր թեկնածուներ, կունենանք նույն իշխանությունը, ինչ այժմ: «Եթե հավաքվեն հավաքական միասնության մեջ իմ հետ միասին, կլինի հաղթող տարբերակ: Մենք կստեղծենք նոր Հայաստան, կունենանք այդ երկիրը, իսկ եթե ոչ, լինենք առանձին թեկնածուներով, դեռ երկար կգնանք։ Սա այն դեպքն է, երբ պետք չէ առաջնորդվել թվաբանությամբ, տոկոսներով»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Միասնական թեկնածուի հետ կապված նա չբացառեց ոչինչ՝ շեշտելով միայն, որ պետք է այդ միասնական թեկնածությունը բերի հաղթանակի, ոչ թե գործարքի: «Ես ոչ մի բան չեմ բացառում: Ես մերժելու եմ ցանկացած մոտեցում անգամ միասնական ածականով, որը գալու է թոզ փչելու ժողովրդի աչքին, որի ավարտին լինելու է գործարք՝ այս իշխանությունը դե ֆակտո շարունակելու համար»,- ասաց նա՝ չցանկանալով միասնական թեկնածուների անուններ նշել:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am