Նախագահա-վարչապետական համակարգը Հայաստանի համար խորհրդարանականից օգտակար է։ Այս կարծիքը նոյեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիրկյանը։
Նրա խոսքով, կառավարման խորհրդարանական համակարգն ունի մի շարք թերություններ, որոնց հետեւանքով 1920-ին կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը եւ պատմության դասերը չսերտելու դեպքում կարող ենք կրկնել մեր սխալները։
Պարույր Հայրիկյանի խոսքով, ակնհայտ է, որ նախագահական հանրապետություններում ժողովուրդը երկու անգամ ավելի մեծ դեր ունի իշխանության ձեւավորման գործում՝ ընտրելով եւ նախագահին, եւ խորհրդարան։
«Հայաստանն այժմ խորհրդարանա-նախագահական հանրապետություն է, բայց եթե նախագահը չներկայացնի խորհրդարանական մեծամասնությունը, ապա այդ մեծամասնությունը կարող է նախագահին մղել երկրորդ պլան, ինչպես եղավ հարեւան Վրաստանում»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
Հայրիկյանի կարծիքով, ամենաճիշտ տարբերակը կարող է դառնալ նախագահական համակարգը։





























