Հանրապետական կուսակցությունն այդքան քաղաքական կամքի ուժ չունեցավ, որպեսզի մասնակցեր խորհրդարանի արտահերթ նիստին եւ ապացուցեր, որ ընդդիմության առաջարկած ծրագրերը կարող են վնասել:
Հետեւաբար, արդար ընտրություններ անցկացնելու մասին Սերժ Սարգսյանի, կառավարության եւ ՀՀԿ-ի բոլոր հայտարարությունները սուտ են: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը մոտեցել է Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված ցուցարարներին:
Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները հիանալի գիտեն, որ արդար ընտրությունների դեպքում իրենք ձայն չեն հավաքի նույնիսկ խորհրդարան անցնելու համար, չեն կարող հաղթել նաեւ նախագահական ընտրություններին: «Հետեւաբար, նրանց դիրքորոշումը հաղորդագրություն է քաղաքական ուժերի համար. Արեք, ինչ ուզում եք, մեզ պետք չեն արդար ընտրություններ, եւ մենք թքած ունենք միջազգային կազմակերպությունների եւ հայ հանրության վրա: Մեզ մնում է որոշել միայն մեր հետագա գործողությունները: Բացի ՀՀԿ-ից, խորհրդարանական մնացած ուժերն այժմ պետք է միասնական ծրագիր մշակեն եւ պատրաստվեն կայանալիք նախագահական ընտրություններին: Իշխանություններն իրենք են նպաստում դրան: Մենք պարտավոր ենք ստեղծել միասնական քաղաքական դաշինք եւ մասնակցել նախագահական ընտրություններին», - ասել է Մանուկյանը:



























