ԵՄ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չի կիրառի, մինչեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ չանի դիմել նմանատիպ միջոցների։ Այս մասին հունվարի 25-ին հայտարարել են ԵՄ երկրների արտգործնախարարները։
Հանդիպմանը, որի ընթացքում հիմնականում խոսվել է Թեհրանի միջուկային ծրագրի մասին, արտգործնախարարները հայտարարել են, որ սատարում են Իրանի հանդեպ ցանկացած պատժամիջոցների կիրառման որոշումը, եթե դրանց աջակցեն աշխարհի գերտերությունները։
Ինչպես հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդը, պատժամիջոցների կիրառումը հարցը փակուղի կմտցնի, այդ է պատճառը, որ «դրանք պետք է ծայրահեղ զգույշ օգտագործել»։
Նրա խոսքով, ԵՄ նպատակը իրանցիներին բանակցություների սեղանի շուրջ բերելն ու քաղաքական լուծում գտնելն է, «եւ եթե կան ինչ-որ պատժամիջոցներ, որոնք կարող են այդպիսի արդյունքների բերել, ես պատրաստ եմ վերանայել դրանք»։
Ինչպես կիրակի հայտարարել էր Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, հարցին լուծում կգտնվի միայն այն դեպքում, եթե Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը «բաց» բանակցություններ վարեն իսլամական հանրապետության հետ, հաղորդում է Press TV-ն։




























